ՀՀ ԳԱԱ Ակադ. Լ. Ա. Օրբելու անվան
Ֆիզիոլոգիայի Ինստիտուտ

 

"Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն" Նորարարությունների մրցակցային հիմնադրամ

Դրվում են երկարաժամկետ համագործակցության հիմքերը

Շուրջ մեկ տարի է, ինչ մեկնարկել և հաջողությամբ ընթանում է մեր համագործակցությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ՝ որպես "Կրթության բարելավում" ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող "Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն" դրամաշնորհային ծրագրի գործընկեր կազմակերպություն:

Համաձայն հաստատությունների միջև կնքված համագործակցության հուշագրի, որը երկկողմ վավերացվել է 2019 թվականի ապրիլին, մեր կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են դրամաշնորհային պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրականացման ընթացքում համակարգող հաստատությանը՝ ԵՊԲՀ-ին, աջակցելուն:

Մեր հաստատությունների համատեղ ջանքերով կազմակերպվել և իրականացվում են տարբեր վերապատրաստումներ, մասնավորապես՝ ԵՊԲՀ ասպիրանտներ Ա. Սողոմոնյանը և Գ. Կարապետյանը մեր ինստիտուտի նյարդաներզատական փոխհարաբերությունների լաբորատորիայում անցել են նեյրոֆիզիոլոգիայի հեռավար և պրակտիկ գիտակրթական մոդուլ:

Գիտելիքի յուրացման լավագույն օրինակ է ասպիրանտների և լաբորատորիայի գիտաշխատողների համահեղինակած գիտական հոդվածի հրապարակումը հեղինակավոր "Pharmaceutical" պարբերականում:

Վերապատրաստման ծրագիր է իրականացվում նաև հյուսվածքաքիմիայի և էլեկտրոնային մանրազննման լաբորատորիայում, որտեղ ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայի գիտաշխատողներ Կ. Ֆերեշետյանը և Մ. Միրումյանը, մասնակցելով մի շարք նեյրոմորֆոլոգիական հետազոտությունների, յուրացնում են հյուսվածաբանական նմուշների պատրաստման և վերլուծության տեխնիկան:

Այս և նման այլ միջոցառումների շնորհիվ հիմք է դրվում երկարաժամկետ ու բազմակողմանի համագործակցության, որի արդյունքները երկար սպասել չեն տա: