Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ ակադ. Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է` նյարդային համակարգի ինտեգրատիվ պլաստիկական հատկությունների, շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների կենտրոնական կազմակերպման մեխանիզմների ուսումնասիրությունը, ստացված արդյունքների հիման վրա գործնական առաջադրանքների մշակումը:
Հետազոտություններ են կատարվում նվիրված` ուղեղի և ուղեղաբնի շարժողական կառույցների ֆունկցիոնալ կազմակերպման ու պլաստիկության մեխանիզմների բացահայտմանը; օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման մեխանիզմներում ուղեղի խորանիստ կառույցների դերի ուսումնասիրությանը; կենտրոնական նյարդային համակարգի ձևաբանաֆունկցիոնալ կազմակերպման ու վերականգնման պլաստիկության մեխանիզմների պարզաբանմանը, սուր ու քրոնիկ ոչ յուրահատուկ նյարդա-դեգեներացիայի և կենսակարգավորիչներով ազդելու պայմաններում; հարթ մկանային հյուսվածքում, մասնավորապես միզածորանում առաջացող ինքնաբուխ /պեյսմեկերային/ ակտիվության ծագման ու կարգավորման նուրբ մեխանիզմների բացահայտմանը; նյարդային և անոթային գոյացությունների բջջային կառույցների ձևաբանա-ֆունկցիոնալ առանձնահատկությունների հյուսվածքա-քիմիական ուսումնասիրությանը:
Մաթեմատիկական մոդելների կիրառմամբ նյարդային համակարգի սինապսային պլաստիկության հարցերի հետազոտմանը; մարդու ուղեղի գործունեության կարգավորման կենսառիթմային մեխանիզմների առանձնահատկությունների ուսումնասիրությանը; վնասված նյարդային համակարգի պլաստիկության նյարդա-ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությանն ու դրա հիման վրա վերականգնողական մեթոդների մշակմանը; օրգանիզմի ջերմային հոմեոստազի կենտրոնական և ծայրամասային մեխանիզմների և հարմարողականության հարցերի բացահայտմանը; նյարդային համակարգի վրա կենդանական թույների ազդեցության նյարդա-քիմիական մեխանիզմների ուսումանսիրության և ստանդարտիզացման հարցերին; կենսաբանական համակարգերի ինտեգրատիվ վիճակի հեռահար գնահատման պարզաբանմանը “Բիոսկոպ” համալիր սարքի օգնությամբ:
Վնասված նյարդային համակարգի վերականգնողական գործընթացների ուսումնասիրումը կարող է հիմք հանդիսանալ դրանց նպաստող արդյունավետ մեթոդների մշակման համար; ինստիտուտում մշակվող “Բիոսկոպ” ապարատային համալիրով հնարավոր կլինի ճեպընթաց կերպով վերլուծել օրգանիզմի վրա տարբեր դեղանյութերի թողած ազդեցության առանձնահատկությունները; գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի բացահայտմանն ուղղված համակարգչային մեթոդների կիրառումը հնարավորություն կտա նպաստել մի շարք հիվանդությունների ախտորոշմանը; կենդանական թույների ուսումնասիրման հիման վրա մշակվել է գյուրզայի թույնի ինքնության որոշման ճեպընթաց in vitro եղանակ:
Օրբելի եղբայրների տուն-թանգարան Ծաղկաձորում
Օրբելի եղբայրների տուն–թանգարանը բացվել է 1982թ. հուլիսի 6-ին երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը:
Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ:
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի կայք
2016թ. Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում բացվել է Կոնրադ-Լորենցին նվիրված ցուցասրահ, որը նվիրված է նրա կյանքին Հայաստանում գտնվելու ժամանակաշրջանում: