ՀՀ ԳԱԱ Ակադ. Լ. Ա. Օրբելու անվան
Ֆիզիոլոգիայի Ինստիտուտ

 

Վիկտոր Վ. Ֆանարջյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, մի շարք միջազգային ակադեմիաների եւ գիտական ընկերությունների անդամ, ականավոր գիտնական-նյարդաֆիզիոլոգ:

Վիկտոր Ֆանարջյանը /ծնված 1929թ մարտի 3-ին, Թիֆլիսում/ հիմնարար հետք է թողել ժամանակակից ֆիզիոլոգիական գիտության զարգացման մեջ։ Վ. Ֆանարջյանի գիտական գործունեությունը նվիրված է շարժողական ակտի կենտրոնական մեխանիզմների եզակի եւ հիմնարար հարցերի մշակմանը, պայմանական-ռեֆլեքսային գործունեության եւ ուղեղի տարբեր մակարդակներում շարժիչ կենտրոնների նեյրոնային կազմակերպման հետեւողական եւ բազմակողմանի ուսումնասիրությանը։ Նա էականորեն լրացրեց եւ որոշ դեպքերում վերանայեց ուղեղիկի եւ ուղեղաբնի կառույցների ֆիզիոլոգիայի բնագավառի մի շարք պատկերացումներ։

Վիկտոր Ֆանարջյանն անցել է ստեղծագործական երկար ճանապարհ ասպիրանտից մինչեւ գիտական ղեկավարի, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսի, ՌԳԱ թղթակից անդամի կոչումների։ Նա Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ էր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Ուղեղ» ծրագրում մտնող «Ուղեղիկի եւ ուղեղաբնի ինտեգրման մեխանիզմները» բաժնի ղեկավարը եւ կոորդինատորը, Հայաստանի ԳԱԱ ակադ. Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը եւ կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի անփոփոխ վարիչը, Հայաստանի ԳԱԱ փոխպրեզիդենտը եւ նախագահության անդամը, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության հայկական միավորման նախագահը, բազմաթիվ միջազգային հանդեսների խմբագրական խորհուրդների եւ խմբագրական կոլեգիաների անդամը։

Վ. Ֆանարջյանը ֆիզիոլոգիայի բնագավառի լավագույն աշխատանքների համար պարգեւատրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Ի. Պ. Պավլովի անվ. արծաթե եւ Ենի համալսարանի (Գերմանիա) Ֆ. Շիլլերի անվ. մեդալներով, արժանացել միջնադարյան պարսիկ գիտնական Խորեզմի (Իրան) միջազգային պարգևի։

Մեծ է Վիկտոր Ֆանարջյանի գիտական ժառանգությունըՙ 400-ից ավելի գիտական աշխատանք, 5 մենագրություն, 4 դասագիրք։ Նրա աշակերտներից ավելի քան 37-ը գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ են։

Վիկտոր Ֆանարջյանը մեծ հետք է թողել որպես մեծ գիտնական, գիտության նոր ուղղության հիմնադիր եւ ուսուցիչ։