ՀՀ ԳԱԱ Ակադ. Լ. Ա. Օրբելու անվան
Ֆիզիոլոգիայի Ինստիտուտ

 

Խաչատուր Կոշտոյանց

Խաչատուր Սեդրակի Կոշտոյանցը (13 (26) սեպտեմբեր 1900թ., Ալեկսանդրապոլ (այժմ Գյումրի) — 2 ապրիլ 1961թ., Մոսկվա) — հայ ֆիզիոլոգ, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939), հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): ՍՄԿԿ անդամ 1927թ-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1927թ.), աշխատել կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում (1930-ից՝ պրոֆեսոր, 1943-ից՝ ամբիոնի վարիչ): 1936թ.-ից ղեկավարել է ՍՍՀՀ ԳԱ Ա. Սևերցովի անվան կենդանիների մորֆոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիայի բաժինը, 1946-53-ին՝ ՍՍՀՄ ԳԱ բնագիտության պատմության ինստիտուտը: Կոշտոյանցի գիտահետազոտական և փորձառական աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների էվոլյուցիայի հարցերին և ամփոփված են "Համեմատական ֆիզիոլոգիայի հիմունքներ" երկհատորյակում (հ.1 1940, հ.2 1957):

Զբաղվել է նյարդային համակարգի առաջացման և զարգացման հարցերով, որի արդյունքն է նրա առաջարկած նյարդային գրգռման էնզիմաքիմիական հիպոթեզը: Ըստ Կոշտոյանցի, դրդումը դիտվում է որպես կենսաքիմիական, էնզիմաքիմիական գործընթաց: "Սպիտակուցային մարմիններ, նյութափոխանակություն և նյարդային կարգավորում" (1951) մենագրության համար Կոշտոյանցը արժանացել է Մ. Լոմոնոսովի անվան մրցանակի:

1946-ին գրել է "Ուրվագծեր Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատմության" մենագրությունը, որի համար շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1947):

Կոշտոյանցը աշխատել է որպես ՀՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1942-1945) և կենսաբանական բաժանմունքի գիտական քարտուղար: Եղել է ՍՍՀՄ երկրորդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Ընտրվել է Հունգարիայի ԳԱ պատվավոր ակադեմիկոս, Պրագայի Կարլովի համալսարանի պատվավոր դոկտոր: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: