Հայկական ձեռագրեր
«Խորհրդային մարդիկ սոված էին, բայց նրանք կիսում էին ռազմագերիների հետ այն քիչը, որը նրանք ունեին»
Կոնրադ Լորենց
Դժվար է նման կարճ ժամանակահատվածում և մեկ ցուցահանդեսի ընթացքում խոսել իրապես ահռելի թեմայի շուրջ, սակայն ես ցանկանում եմ այնուամենայնիվ կիսվել իմ հետազոտություններով և եզրակացություններով:
Իմ ուսումնասիրության նպատակն էր հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել հայկական ճամբարում, կառուցել հնարավորինս ամբողջական պատկեր: Հայաստանում և Ավստրիայում կատարված ուսումնասիրությունները, մասնավորապես Հայաստանի արխիվային նյութերի, Կոնրադ Լորենցի անձնական արխիվային նյութերի, հարցազրույցների, տարբեր ուսումնասիրողների եզրակացությունների համեմատականներով, ինչպես նաև Կոնրադ Լորենցի ստեղծագործությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ես եկա հետևյալ եզրակացության.
Կոնրադ Լորենցը սկսել է կենտրոնանալ մարդու էության շուրջ և ուսումնասիրել նրան ճամբարային պայմաններում, քանի որ Հայաստանում նա հնարավորություն է ստանում աշխատել որպես բժիշկ 1, ինչի հետևանքով իր ձեռքի տակ ունենում է բավականաչապ ազատ ժամանակ աշխատելու, գրառելու և մտորելու համար, բացի այդ, նա հնարավորություն է ունենում շփվել մարդկանց հետ նաև ճամբարից դուրս, մարդիկ, որոնք գտնվում էին աղետալի ծանր վիճակում: Դա մի հասարակություն էր, որը հանդիսանում էր 1915-20թթ. Եղեռն տեսած առաջին կամ երկրորդ սերունդը և, դեռ ուշքի չեկած, նրանք կանգ են առնում Երկրորդ Համաշխարհայինի սարսափների առջև: Ինչպես նշում է Լորենցի ճամբարային ընկեր, բժիշկ Շտրաուբեն. «Կոնրադ Լորենցին այնքան սիրեցին Հայկական ճամբարում, որ ճամբարի կամենդանտը նրան տանում էր իր հետ զբոսանքի, և այդ ընթացքում նա հանդիպում էր մարդկանց, որոնք ունեին բժշկի կարիք, և վարձատրության դիմաց հայերը նրան փորձում էին լավագույնս հյուրասիրել հայկական համեղ ուտելիքներով: Նույն բանը կատարվել էր նաև ինձ հետ: Ժամանակ առ ժամանակ ինձ կանչում էին որպես բժիշկ, և կանայք, որոնք կորցրել էին իրենց երեխաներին Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, ողբում էին ինձ համար, որպես ռազմագերի, քանի որ նրանք ցավակցում էին իմ երիտասարդ տարիքին: Հայ մայրերի արցունքներն ինձ ցնցեցին, քանի որ նույն կերպ արտասվում էին մեր մայրերը մեր հայրենիքում, մեզ համար» 2:
Այլևս չկար «թշնամական ճամբար»: Հիմա պարզապես մարդ հանդիպում է մարդուն, բոլորը խորը վշտի մեջ էին, ռազմագերիները, որդի կորցրած մայրերը, պատերազմի հետևանքով հաշմանդամ մնացած մարդիկ, սովետական զինվորները, որոնք, կամքին հակառակ, պիտի հսկեին ռազմագերիներին: Դրան գումարած, սովը և այլն...
Կարծում եմ, սրանք էին հանդիսանում հիմնական պատճառներից մեկը մարդուն խորապես ուսումնասիրելու Լորենցի ձգտումը, ինչպես նաև ճամբարի ներսում տիրող իրավիճակը, քանի որ այստեղ մարդ լիովին մերկանում է իր ողջ բնազդային համակարգով: Այս ամենը Լորենցին ստիպում է աշխատել այնպիսի պայմաններում, որտեղ գոյատևելն էր հանդիսանում բարդ խնդիր: Կարծում եմ, ճամբարային պայմաններում մարդկային բարդ և լարված հարաբերությունների արդյունքում է ստեղծվել իր հայտնի «Ագրեսիա» գրքի գաղափարը: Դրանց մասին կարող են նաև վկայել Կոնրադ Լորենցի անձնական արխիվներում հայտնաբերված հայկական դպրոցական տետրերը, որոնցից մեկի հետևում նա ճեպանկարել է ձկնատեսակներ, որոնց նկարագրությամբ նա սկսում է իր հայտնի «Ագրեսիա» աշխատությունը:
Իմ ուսումնասիրությունների ընթացքում ես եկա ևս մի շատ կարևոր եզրակացության. այն է, որ համամարդկային կարևորագույն արժեքների՝ «սեփական տեսակի նկատմամբ հարգանքի և փոխօգնության» գաղափարախոսության հիմքերը, որոնք շատ են արծարծվում իր գրքերում, Լորենցի համար կարող էր հանդիսանալ Հայաստանում կատարված մարդկային մեծ աջակցությունը. այն է, ճամբարային բժիշկ և սպա Հովսեփ Գրիգորյանի բացառիկ վերաբերմունքը: Նա թույլատրում է Լորենցին գրառումներ կատարել , աշխատել իր գրքի վրա, ինչը խստիվ արգելված էր ռազմագերիներին: Ավելին, արխիվում հայտնաբերված «Հայկական ձեռագրեր»-ում մենք տեսնում ենք,որ Կ. Լորենցը գրառումներ է արել ոչ միայն մարգանցովկայով ցեմենտի պարկերի վրա, այլ նրա ձեռագրերի մեծ մասը արված է թանաքով, գրիչով և մատիտով, ինչպես նաև հայտնաբերված դպրոցական տետրերը վկայում են ինչ-որ մեկի (հավանաբար հենց Հովսեփ Գրիգորյանի) հոգածության մասին: Եվ, վերջապես, տեղի է ունենում անհնարինը. ըստ Շտրաուբեի, Հ. Գրիգորյանը խոստանում է թույլատրել Լորենցին վերցնել և հայրենիք տանել իր ձեռագրերը: Ճամբարային ղեկավարությունը կատարում է ևս մեկ աննախադեպ քայլ. նրանք թույլատրում են Լորենցին ազատ տեղաշարժ ճամբարային սահմաններից դուրս ,և հերթական զբոսանքների ժամանակ նա հանդիպում է հայտնի հայ ճարտարապետ Մարկ Գրիգորյանին, ով այդ ժամանակ Մատենադարանի կառուցման նպատակով զբաղված է լինում տարածքի ուսումնասիրությամբ: Նրանք մտերմանում են զրույցի ժամանակ, և Լորենցն ասում է, որ մինչև պատերազմը, նա զբաղվել է կենդանիների ուսումնասիրությամբ, և երազում է վերադառնալ իր սիրած զբաղմունքին: Մարկը խոստանում է բարեխոսել ճամբարային ղեկավարության հետ և խորհուրդ է տալիս Լորենցին նամակ հղել Սովետական Միության գիտությունների փոխնախագահ, ակադեմիկոս, հայազգի գիտնական Լևոն Օրբելուն: Մարկը կատարում է իր խոստումը,իսկ Լորենցը լսում նրա խորհուրդը և նամակ հղում Օրբելուն: Ճամբարային իշխանություններն այդ ժամանակվա չափանիշներով տալիս են փայլուն բնութագրական նամակ, իսկ Օրբելին նամակ է հղում Ստալինին, ինչի հիման վրա Լորենցին տեղափոխում են Կրասնոգորսկ, որտեղ տեղակայված է լինում արտոնյալների ճամբարը և հնարավորություն տալիս մեքենայագրել արդեն իսկ Հայաստանում ավարտված ձեռագրերը երկու օրինակից , մեկը՝ Սովետական իշխանությունների, մյուսն էլ՝ իր, ինչպես նշում է Լորենցը: Այնուհետև, առանց հատուկ ցենզորի ստուգման, նրան թույլատրում են երկու ամիս անց վերադառնալ հայրենիք՝ իր հետ վերցնելով իր ձեռագրերն ու տպագրական օրինակը: Այսպիսով կարող ենք ասել, որ փրկվում են ոչ միայն Լորենցի հայտնի աշխատանքները, այլև նրա կյանքը, քանի որ ճամբարային ծանր կյանքը չէր խնայում շատ շատերին, և, ինչպես նշում է Շտրաուբեն. «Ռազմագերիների ապահովումը չափազանց ծանր էր, քանի որ իրենք՝ հայերը, ուտելու գրեթե ոչինչ չունեին,և ռազմագերիները փետրվար ամսից, մինչև Կ. Լորենցի այստեղ անցկացրած ժամանակահատվածը, սնվում էին միայն ալյուրով, ինչի հետևանքով ստանում էին թունավորումներ և հիվանդանում դիստրոֆիայի ծանր տեսակով: Մենք փորձում էինք այդ պակասը լրացնել ճանապարհաեզրերին աճող եղինջով և խատուտիկներով, սակայն, գրեթե, ապարդյուն»:
Ահա այս անհավանական իրադարձություններն են տեղի ունենում Հայաստանում գիտնականի հետ, և կարելի է կռահել, թե ինչ տեղի կունենար Լորենցին աջակցած մարդկանց հետ Ստալինյան ռեժիմի ժամանակաշրջանում, եթե հանկարծ պարզվեր, որ ձեռագրերն ունեն հակասովետական բնույթ, և սա անում են մարդիկ, ովքեր դեռ ամիսներ առաջ կարող էին կրակել իրար վրա մարտի դաշտում: Կարծում եմ, որ հենց սա է հիմք հանդիսացել Կ. Լորենցի աշխատություններում ֆաշիստական գաղափարախոսության խիստ քննադատության, իսկ ժամանակ առ ժամանակ անգամ ծաղրանքի և համամարդկային փոխօգնության և շփումների կենսունակ նշանակության շեշտումն իր ողջ հետագա կյանքում և աշխատություններում, ինչը, սակայն, արժանի է առանձին ուսումնասիրության:
Հ.Գ. Կ. Լորենցը բացի ձեռագրերից, Հայաստանից իր հետ հայրենիք է բերում վարժեցրած թռչուն ինքնաշեն վանդակի մեջ, եգիպտացորենից պատրաստած ծխամորճ և փայտե բադիկի քանդակ, որ նա պատրաստել էր իր կնոջ համար: Սրանք բոլորը Կ. Լորենցը խնամքով պահպանել է, իսկ իրենից հետո իրերը մնացել են անվնաս իր սերունդների շնորհիվ:
Տեքստը գրվել է 19/09/2016թ. Ավստրիայում կայացած ցուցահանդեսի համար:
Հավելյալ Հղումներ
- Կոնրադ Լորենց ինքնակենսագրական,որը գրվել է 1973թ. և ավելի ուշ հրատարակվել Les Prix Nobel/ Nobel Lectures/The Nobel Prizes գրքում:
- 2Վեռներ Շտրաուբե, Հուշեր Կոնրադ Լորենցի մասին,Կոնրադ Լորենցի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, Վիեննա, նոյեմբեր, 2003թ.
- Կոնրադ Լորենցի անձնական արխիվներ
- Հայաստանի պետական արխիվ
- Ելենա Գորոխովսկայա «Պատմության դասընթացներ»
- Վալերի Գասպարյան «Նոբելյան Լորենցի Հայկական Ոդիսականը»
- Աշոտ Սագրատյան «Ինչից է սկսվում հիշողությունը»
- Համլետ Միրզոյան «Երկու դինաստիաների պատմություն» № 3 (162) փետրվար (1-15) 2011.
- Հարցազրույց Կոնրադ Լորենցի ընկեր և գործընկեր, Դոկտոր Վոլֆգանգ Շլեյդտի հետ:
Ցուցահանդեսի իրականացման համար շնորհակալություն եմ ցանկանում հայտնել “Kultur kontakt” կազմակերպությանը,Ավստրիայի Մշակույթի Նախարարությանը, Հայաստանի Պետական Բնության թանգարանին, Հայաստանի Պետական Արխիվի տնօրինությանն ու աշխատակազմին, արվեստի քննադատ և համադրող՝ Սուսաննա Գյուլամիրյանին, Լիլի Ամրոյանին: Շնորհակալություն Դոկտոր Վոլֆգանգ Շլեյդտին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Կոնրադ Լորենցի հետնորդներին, հատկապես Ռիկարդո Դրաղի-Լորենցին:
Ցուցասրահի իրականացման համար հատուկ շնորհակալություն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտին, մասնավորապես տնօրեն՝ Դոկտոր Նաիրա Այվազյանին, ինչպես նաև Հովնան Քարտաշյանին և Արտ Լաբորատորիա ՀԿ-ին: Ցուցասրահը նվիրված է Կոնրադ Լորենցի հայկական շրջանին:
Էդգար Ամրոյան